Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կմասնակցի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնատվության արարողությանը, որը հունիսի 7-ին տեղի է ունենալու Կիեւում:

 

«Գեորգի Մարգվելաշվիլին հրավիրված է Պորոշենկոյի երդմնատվության արարողությանը, որին նա անպայման կմասնակցի»,- «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի նախագահի վարչակազմում:

 

Մարգվելաշվիլին մայիսի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Պորոշենկոյին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Իր հերթին Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իր պաշտոնակցին շնորհավորանքի համար եւ նրան հրավիրել երդմնակալության արարողությանը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ արտասահմանյան պետությունների ու կազմակերպությունների քսան ղեկավարներ հավաստել են իրենց մասնակցությունը Պորոշենկոյի պաշտոնակալման արարողությանը: Նրանց թվում են՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերը, Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը եւ ուրիշներ: