Պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերին իրենց շնորհակալությունը հայտնեցին մի խումբ ակտիվիստներ, ովքեր քիչ առաջ ակցիա էին իրականացնում Նախագահական նստավայրի դիմաց:

 

Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ակտիվիստ Վրեժ Զատիկյանն ասաց, որ ԵԱՀԿ գործող նախագահն ի պատասխան իրենց ուղարկած նամակի' դրական արձագանք է տվել, այդ իսկ պատճառով իրենք շնորհակալական ակցիա են իրականացնում:

 

«Ամիսներ առաջ Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների վերաբերյալ մեր ուղարկած նամակին դրական է պատասխանել, նշել է հետևողական կլինեն այս հարցում: Այս խնդիրը վեր հանեցինք, և մեր տղաներն ինչ-որ չափով ճանաչվեցին քաղբանտարկյալներ»:

 

Նշենք, որ ակտիվիստները նաև նամակ էին նախապատրաստել, որն էլ պատրաստվում էին հանձնել ԵԱՀԿ նախագահին:

 

Ակցիան նախատեսել էր «Շանթ և ազատություն» հիմնադրամը, որին միացել էր նաև Ազգային ինքնորոշում միավորումը:

 

Խորհրդանշական էր նաև այն, որ նույն տեղում և նույն պահին հայտնվել էր նաև Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Փորձեցինք պարզել' արդյո՞ք նախկին նախարարը փոխել է իր տեսակետը արդարադատության վերաբերյալ և միացել է ակցիայի մասնակիցներին, ճշտելու համար Հրայր Թովմասյանին մեր թղթակիցը հարցրեց, արդյոք միացել է ակցիային, վերջինս պատասխանեց.

 

«Ոչ, ոչ, ես քայլելով անցնում եմ»,- ասաց և արագ հեռացավ: