Հունիսի 3-ի ժամը 20-ի սահմաններում մոտ մեկ ժամ տեւողությամբ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի տնամերձ հողամասերում եւ գյուղից դուրս գտնվող ցանքատարածությունների վրա, ինչի հետեւանքով տուժել են պտղատու այգիները, բազմայա խոտաբույսերի, բանջարբոստանային մշակաբույսերի, հացաբույսերի ցանքերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, կարկտահարությունն ընդգրկում է գյուղի ողջ բնակելի հատվածի տնամերձերը եւ հարավային ու հյուսիսային հատվածներում գտնվող հացաբույսերի ու բազմամյա խոտաբույսերի ցանքերը:
Վնասի հնարավոր չափերը ճշտելու նպատակով տեղում ուսումնասիրություն է կատարել Գեղարքունիքի մարզպետարանի հանձնաժողովը գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Վնասների հնարավոր չափերը ճշտվում են: