Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը եւ այլ բարձրաստիճան ղեկավարներ մասնակցել են Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում Նիկողոս Բալյանի (1826-1858 թթ.) կառուցած մզկիթի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է թուրքական «Բուգյուն» թերթը:
Խոսելով մզկիթի կառուցման պատմությունից՝ Էրդողանը նշել է, որ այն կառուցվել է հայ ճարտարապետի կողմից:
«Այս հրաշալի մզկիթը կառուցել է մի հայ ճարտարապետ: Այս մզկիթը մյուսների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում եւ պետք է ժողովուրդն արժանին մատուցի կառույցի ճարտարապետին եւ շինարարներին»,- ասել է Էրդողանը եւ նշել, որ խոսքը Բալյանների ընտանիքի մասին է:
Օսմանյան կայսրությունում Բալյանների ընտանիքի անդամները նախագծել եւ կառուցել են բազմաթիվ շենքեր, կամուրջներ, պալատներ, եկեղեցիներ եւ մզկիթներ:
Նիկողայոս Բալյանը Ստամբուլում մի շարք պալատներ, մզկիթներ, ամառանոցներ, զորանոցներ, դպրոցներ է կառուցել: Օրթաքյոյի մզկիթը Նիկողայոս Բալյանը կառուցել է 1853-1854 թվականներին: Բալյանների ընտանքիը նոր շունչ է բերել օսմանյան ճարտարապետական արվեստի մեջ' համադրելով օսմանյան միջնադարյան հայազգի ճարտարապետ Սինանի ավանդույթները եւ արեւմտյան ճարտարապետական ոճերը: Բալյան ընտանիքի ճարտարապետների մոտ չորս սերնդի ներկայացուցիչներ համարվել են օսմանյան արքունիքի ճարտարապետներ: Նրանց ստեղծած նրբաճաշակ կառույցները զարդարում են Ստամբուլը եւ նրան եվրոպական տեսք տալիս: