Ազգային ժողովի խորհրդարանական չորս ուժերը` ԲՀԿ-ն, «Ժառանագություն»-ը, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ը, ներկայացրեցին իշխանությանն ուղղված 12 կետից բաղկացած պահանջների հայտարարագիրը, բայց հարկ համարեցին նշել, որ հայտարարության ներկայացումը բնավ էլ չի նշանակում, որ իրենք գնում են հանգստի: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, մյուս խմբակցությունների ղեկավարների ներկայությամբ, ընթերցեց հայտարարության տեքստը, որից հետո խմբակցության ղեկավարները ստորագրեցին համատեղ հայտարարության տակ:


  1. Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով:
  2. Վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը:
  3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն. դրամից դարձնել 150 մլն. դրամ, արտոնագրային վճարների գծով սահմանված 9 մլն. դրամը՝ 15 մլն. դրամ: Հանել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը:
  4. Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:
  5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն. դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:
  6. Հաստատել Նաիրիտ գործարան ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը: Ձևավորել Նաիրիտի անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
  7. Բացառել Որոտան ՀԷԿ-երի համալիր ՓԲԸ-ի գույքի վաճառքը (մասնավորեցումը) առանց Ազգային ժողովի հավանության:
  8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Հաստատել մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտի ենթակառուցվածքի միասնական համակարգ:
  9. Ընդունել ձևավորված փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու և ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներ ներառող օրենսդրական փաթեթ:
  10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն ընտրատեղամասերում և երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման և ներբեռնման հնարավորությամբ, տեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում:
  11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով:
  12. Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:


12 կետից բաղկացած հայտարարության տեքստում շեշտադրված էին երկրում փոփոխություններ իրականացնելու մի շարք պահանջներ: Մասնավորապես, քառյակը պահանջում է Կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի վերացումը, վերանայել տեսանկարահանող սարքերի ու կարմիր գծերի համակարգը, շրջանառության հարկի դրույքաչափերի նվազումն առնվազն երեք անգամ, մարզերում փոքր ու միջին բիզնեսի խթանումը, առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի ու վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, գյուղատնտեսությունում տրված արտարժութ ային վարկերը դրամայինի վերածելու պահանջը, գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձի բարձրացումը և այլն:


Ռուբիկ Հակոբյանի խոսքով` քառյակն իշխանությունից պահանջում է իրականացնել նշված փոփոխությունները մինչև սեպտեմբերի վերջ: «Գիտակցելով, որ այս պահանջների իրականացման միակ երաշխավորը ժողովուրդն է, աշնանը կհրավիրվի հանրապետական հանրահավաք, որի ժամանակ ամփոփվեն երեք ամիսների արդյունքներն ու բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը»,-ասաց պատգամավորը:


ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հայտարարության մեջ նշված պահանջների իրականացումը էականորեն կբարելավի ՀՀ քաղաքացու վիճակը: «Այսօր քաղաքական կամք դրսևորելու պարագայում հնարավոր կլինի հասնել այս խնդիրների լուծմանը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով էլ` այս քայլը դժվարին աշխատանքի արդյունք է, որն արդեն հաջողություն է: «Քառյակը տարբեր պատկերացումներ` թե գաղափարախոսական, թե քաղաքական, թե մեթոդական, ունեցող միավորում է, որտեղ ուժերի մի մասը կողմ է հեղափախական փոփոխությունների, մյուս մասն ավելի շրջահայաց է ու քայլ առ քայլ փոփոխությունների կողմնակից»,-նշեց Լևոն Զուրաբյանը:


ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով էլ` այս քայլով խորհրդարանական ուժերի համագործակցության նոր մշակույթ է ձևավորվում: «Մենք առաջին անգամ ավելի մեծ օրակարգով ներկայացնում ենք մեր մոտեցումներն ստեղծված իրավիճակի հետ կապված: Այս հայտարարության մեջ մենք ներկայացրել ենք իրական ու իրատեսական քայլեր, որոնք հնարավոր են իրականացնել»,-հայտնեց Արմեն Ռուստամյանը: