Մոսկվան այն կարծիքին չէ, որ ժամանակն է՝ խաղաղապահ ուժեր մտցնել Ուկրաինա:
«Խաղաղապահ ուժերի մասին մենք չենք խոսում: Չենք կարծում, որ բանը դրան է հասել»,-լրագրողներին ասել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա համոզմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեռ պահպանում է վստահության պաշարը, որը հարկավոր է օգտագործել:
«Ամեն ինչ ուկրաինական կողմի ձեռքում է: Մենք գիտենք, որ երկրի հարավ-արևելքում գործող աշխարհազորայինները պատրաստ են դադարեցնելու կրակը, բայց առաջին քայլը, բոլոր կանոնների համաձայն՝ պետք է անեն Կիևի իշխանություններն այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնակալման արարողությունը»,- հայտարարել է Լավրովը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Մոսկվան պահանջում է անհապաղ հետաքննել Ուկրաինայում հրկիզիչ ռումբերի և արգելված մյուս զինատեսակների կիրառումը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: