Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում' Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքի լսարաններից մեկում, հունիսի 16-ին ժամը 13.37-ին հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ընդհանուր թվով 7 հրշեջ մեքենա, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 հատուկ փրկարարական մեքենա: Հրդեհաշիջմանը զուգահեռ իրականացվել են տարհանման աշխատանքներ:
Հրդեհը բռնկվել է առաջին հարկի լսարաններից մեկում և արգելափակել ելքերը, լուսամուտների մի մասը: Հրդեհի բռնկման պահին շենքում է եղել 150 ուսանող և 30 դասախոս ու աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել' 15.50-ին: Փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները:
Դեպքի վայրում են եղել հանրապետության վարչապետը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Հրդեհի հետևանքով այրվել է մեկ լսարան, հրդեհի բռնկման պատճառը և հասցված վնասի չափը ճշտվում են: