Իրաքի Արտաքին գործերի նախարար Հուշիար Զիբարին հաստատել է, որ իր երկիրը պաշտոնապես օգնություն է խնդրել ԱՄՆ-ից Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին արտգործնախարարը նշել է հունիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ ռազմական ճանապարհով լուծումը միակը չէ իրաքյան ճգնաժամի համար, պետք է լինի քաղաքական լուծում: Նա նաև ասել է, որ իրաքյան ուժերը կարողանում են դիմակայել ահաբեկչական խմբավորումների հարձակումներին և փոխադարձ հարված են հասցնում:

 

Նախարարը նաև նշել է, որ ճգնաժամի լուծման համար Իրանը միջամտություն է ցուցաբերել, և հույս ունեն, որ Իրաքը չի բաժանվի:

 

Ի պատասխան Իրաքի իշխանությունների օգնության խնդրելուն՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրաքին անմիջական ռազմական օգնություն կտրամադրի այն ժամանակ, երբ վարչապետ Նուրի ալ Մալիքին հրաժարական տա: ԱՄՆ-ը կարծում է, որ սուննիների և շիաների միջև ազգային հաշտեցում չի կարող լինել առանց ալ Մալիքիի հրաժարականի:

 

Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել էր այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: Ահաբեկչական խմբավորումներն ամբողջովին գրավել են Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: