ԱՄՆ-ի իշխանությունները ցամաքային զորքեր չեն ուղարկի Իրաք, որի կառավարությունը դիմել է Վաշինգտոնին իսլամիստների դեմ պայքարելու խնդրում օգնելու խնդրանքով, որոնք ռազմավարական օբյեկտներ են գրավել երկրում: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քառնին:
Իրաքի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին ավիահարվածներ հասցնել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման սուննի զինյալներին:
«Մենք դրան նայում ենք մեր ազգային անվտանգության շահերի պրիզմայով, եւ նախագահը չի բացառում գործողությունների որեւէ տարբերակ, բացի Իրաք մարտական զորամասեր ուղարկելուց: Նա միշտ էլ այն դիրքորոշումն է ունեցել, որ ԱՄՆ-ը պահպանում է մեր ազգային անվտանգության շահերի պաշտպանության համար գործելու իրավունքը, երբ գլխավոր հրամանատարն անհրաժեշտ կհամարի»,- ասել է Քառնին:
Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ ռազմական գործողություններին ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը չի լուծի Իրաքի հիմնախնդիրները:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել է, որ Իրաքում ստեղծված իրադրության համար չի կարելի մեղադրել ԱՄՆ-ին, քանի որ այդ երկրի գործող կառավարությունը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը եւ չի համագործակցել սուններիների ու քրդերի հետ:
Նախօրյակին ամերիկյան Wall Street Journal թերթը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, տեղեկացրել Է, թե ԱՄՆ-ի վարչակազմն այն կարծիքին է, որ Իրաքում պետք է ձեւավորվի նոր կառավարություն, որն առավել մեծ չափով կներկայացներ երկրում ապրող սուննիների ու քրդերի շահերը: Դրա հետ մեկտեղ, ամերիկյան վարչակազմի կարծիքով, նոր կառավարության կազմում չպետք է լինի Իրաքի գործող վարչապետ շիա Նուրի ալ Մալիքին:
«Վարչակազմը համոզված է, որ շիաների առաջնորդն ի վիճակի չէ հաշտության հասնել սուննիների փոքրամասնության հետ եւ կայունացնել քաղաքական իրադրությունը»,- հրատարակությանը հայտարարել են ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրները:
Նոր կառավարության ստեղծումը, Սպիտակ տան կարծիքով, կարող է «սահմանափակել սուննիների կողմից «Իրաքի եւ Լեւանտի իսլանական պետություն» խմբավորմանը ցուցաբերվող աջակցությունը, ինչը կնպաստի «երկրի միասնության ամրապնդմանը եւ կրոնական պատկանելության հատկանիշով պառակտվածության աճի կանխմանը»: