ԱՄՆ-ն չպետք է ցամաքային զորքեր ուղարկի Իրաք և Սիրիա: Այս մասին հունվարի 25-ին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հավակնում է երկրի նախագահի պաշտոնին՝ Դեմոկրատական կուսակցության կողմից:
«Ամերիկյան ցամաքային զորքեր չպետք է լինեն Իրաքում և Սիրիայում: Հատուկ նշանակության ուժեր՝ այո, բայց ոչ ցամաքային զորքեր»,-ասել է նա Այովա նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր CNN հեռուստաալիքը:
Քլինթոնը նշել է, որ «ԱՄՆ նախագահի համար կարևոր և պարտադիր խնդիր է համարում ռազմական գործողություններից խուսափելը»: «Ես անկասկած գործելու եմ հենց այդպես»,- ասել է նա՝ ընդգծելով «դիվանագիտություն կիրառելու» անհրաժեշտությունը:
ԱՄՆ նախկին պետքարտուղարն ընդգծել է, որ ժամանակին 18 ամիս է ծախսել՝ միջազգային կոալիցիա ստեղծելու համար, որն Իրանի դեմ պատժամիջոցներ է կիրառել: Նրա խոսքով՝ հենց այդ պատժամիջոցներն են արդյունքում հանգեցրել Թեհրանի հետ ներկա համաձայնագրի կնքմանը: