Թուրքական զինված ուժերի բախումը սիրիական ուժերի հետ կարող է Անկարայի համար բացասական հետևանքների հանգեցնել, այդ իսկ պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի համարձակվում Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Հանրային-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Փորձագետի խոսքով՝ ներկայումս ցամաքային գործողությունը Սիրիայում կարող է մեկ պետություն իրականացնել՝ Թուրքիան, սակայն կան մի շարք գործոններ, որոնք խոչընդոտում են դրան:

 

«Թուրքական զորքերի ներխուժմանը խիստ խոչընդոտ է սեփական արդյունավետ ՀՕՊ համակարգի բացակայությունը: Այս պայմաններում, թուրքական զորքերը՝ ներխուժելով Սիրիայի տարածք, առանց ավիացիոն ապահովման կհայտնվեն, արդյունքում մեծ կլինեն անձնակազմի և տեխնիկայի կորուստները»,-ասել է Եվսեևը:

 

Նրա խոսքով՝ ցամաքային գործողությանը խոչընդոտող ևս մեկ գործոնն այն է, որ թուրքական տանկերը տեխնիկապես հետամնաց են սիրիական բանակի տանկերից: