Փախստականների, ապաստան խնդրողների և երկրների ներսում հարկադիր վերաբնակների թիվը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ գերազանցել է 50 միլիոնը: Այդ մասին հաղորդվում է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գործակալության զեկույցում:
Հետազոտության հեղինակները պարզել են, որ 2013 թվականի վերջի դրությամբ փախստական է դարձել 51,2 միլիոն մարդ, ինչը գրեթե 6 միլիոնով գերազանցում ' 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Նշվում է, որ փախստականների կեսը երեխաներ են: Նրանցից շատերը ճանապարհորդում են միայնակ կամ խմբերով և հաճախ հայտնվում են մարդավաճառությամբ զբաղվող մարդկանց ձեռքում:
Մեկ տարվա ընթացքում 6 միլիոնով փախստականների թվի ավելացումը գլխավորապես պայմանավորված է Սիրիայում շարունակվող պատերազմով: Հետազոտության մեջ ներկայացված թվերի համաձայն՝ մինչև 2012 թվականի վերջը երկրից փախել է երկուսուկես միլիոն մարդ, իսկ վեցուկես միլիոնը լքել են իրենց տները, բայց մնացել են Սիրիայում. դա ամբողջ բնակչության կեսից ավելին է:
Փախստականների թվի աճի մեկ այլ գործոն են դարձել քաղաքացիական պատերազմները Հարավային Սուդանում և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում:
Բացի հինգ միլիոն պաղեստինցիներից և արդեն նշված սիրիացիներից, փախստականների ամենամեծ խմբերը կազմում են աֆղանցիները (2,5 մլն), սոմալացիները (1,1 մլն) և սուդանցիները (649 հազար):
Գործակալության ղեկավար Անտոնիո Գուտերասը նշել է, որ գլոբալ մասշտաբով «խաղաղության դեֆիցիտը» կապված է, առաջին հերթին, զինված հակամարտությունները կանխելու, և, երկրորդ՝ դրանցից ելք գտնելու միջազգային հանրակցության անկարողության հետ:
Բացի ռազմական հակամարտություններից, մարդկանց կողմից իրենց տները լքելու պատճառ են դառնում կլիմայական փոփոխությունները, բնակչության աճը, ուրբանիզացումը, պարենային անվտանգության հետ կապված իրադրության վատացումը և ջրի անբավարարությունը: Քիչ չեն այն դեպքերը, երբ այս գործոները միասին են հանդես գալիս: