ՆԱՏՕ-ի Խորհրդարական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը առաջիկայում կլինի Կոսովոյում, կհանդիպի այնտեղ առաքելություն իրականացնող հայ զորախմբին: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց պատգամավորը, այն խորհրդարանական ձևաչափով առաջին այցերից մեկը կլինի:

 

Կորյուն Նահապետյանը հայտնեց, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հրավերով մասնակցելու է Բելգրադում և Պրիշտինայում իրականացվող միջոցառումներին, որը վերջերս Վիլնյուսում իրենց արտահայտած ցանկության իրագործումն է' առավել ակտիվ մասնակցություն ունենալ վեհաժողովի կողմից իրականցվող միջոցառումներին: «Ծրագրի շրջանակներում լինելու է նաև այց Կոսովոյում տեղակայված մեր խաղաղապահ զորախմբին: ՆԱՏՕ-ի Խորհրդարական վեհաժողովի նախագահը ողջունեց մեր առաջարկությունը' ներգրավվելու պատվիրակության այցին: Հունիսի 23-26-ը հանդիպումներ են լինելու ինչ պես Բելգրադում, այնպես էլ Պրիշտինայում, և հունիսի 25-ին ծրագրով նախատեսված է այցելություն Կոսովոյի ուժերին, որի շրջանակներում նաև հնարավորություն կունենանք ողջունելու մեր զորախմբի զինծառայողներին, կարևորելու նրանց առաքելությունը»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

 

Նրա խոսքով' թե' ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, թե' ՆԱՏՕ ԽՎ նախագահը բազմիցս իրենց ելույթներում էապես կարևորել են ՀՀ զինված ուժերի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին, և Կորյուն Նահապետյանը դա ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունների կարևորագույն բաղադրիչը համարեց:

 

«Այս այցը, կարծում եմ, կարևոր շարունակություն կունենա և վերադարձից հետո կամփոփեմ այցի արդյունքները: Մեր ԶԼՄ-ներին կտամ տեղեկություններ ինչպես այցի, այնպես էլ մեր հետագա ներգրավվածության վերաբերյալ»,- նշեց պատվիրակության ղեկավարը: