Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հունիսի 23-26-ը ՆԱՏՕ-ի ԽՎ պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակության կազմում այցելել է Բելգրադ և Պրիշտինա: Պատվիրակության հիմնական նպատակն էր ծանոթանալ ՆԱՏՕ-Սերբիա հարաբերությունների ուղղությամբ կատարված աշխատանքներին, անվտանգության բարեփոխումներին, Կոսովոյի խաղաղապահ ուժերի (KFOR) ծառայությանը, քաղաքական և տնտեսական վերջին զարգացումներին, ինստիտուցիոնալ բարեփոխումներին և Կոսովոյի կարգավիճակին վերաբերվող հիմնախնդիրներին:
Այցի ընթացքում հանդիպումներ են եղել Սերբիայի խորհրդարանի փոխնախագահի, խորհրդարանի պաշտպանության և ներքին գործերի կոմիտեի անդամների, Սերբիայի պաշտպանության պետական քարտուղարի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավարի, Կոսովոյի խորհրդարանի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի և անվտանգության ուժերի նախարարների, Կոսովոյի խաղաղապահ ուժերի հրամանատարության ներկայացուցիչների, ինչպես նաև Սերբիայում Սլովակիայի, Նորվեգիայի դեսպանների, Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդի հետ:
Կորյուն Նահապետյանը հանդիպել է նաև Կոսովոյի խաղաղապահ ուժերում ԱՄՆ հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ զորախմբի ղեկավարների հետ:
Հանդիպումների արդյունքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը գրանցել է որոշակի առաջընթաց, որը պայմանավորված է հարաբերությունների կարգավորման գործում Բելգրադի և Պրիշտինայի վճռականությամբ ու հաստատակամությամբ, վստահության ամրապնդմանն ուղղված կոնկրետ միջոցառումների իրականացմամբ, ժողովրդավարության և պետական ինստիտուտների աստիճանական կատարելագործմամբ: