Հայաստանի բնապահպանության նախարարությունն Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ կիրականացնի առցանց վերահսկողություն: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց. «Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի ջրօգտագործման ծավալների նկատմամբ առցանց հսկողության իրականացմանը՝ ապահովելով օգտատերերի համար տեղեկատվության հասանելիությունը»:
«Արարատյան ջրավազանում ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծվել է բարդ բնապահպանական իրավիճակ: Ստեղծված իրավիճակը բարելավելու համար առաջարկվում է համապատասխան միջոցառումների կամ քայլերի իրականացում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: