Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնքներում ներկայումս զգացվում է խմելու և ոռոգման ջրի պակաս, ինչը բացասաբար է ազդում նշված համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի վրա։ Նման արդյունքներ են ստացվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության անցկացրած ուսումնասիրություններից հետո։ Ուսումնասիրության համաձայն' վերջին 6-8 տարվա ընթացքում Արարատյան դաշտում էապես նվազել են ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը և աղբյուրների ջրատվությունը։ «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության» արդյունքների ներկայացման ժամանակ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը կարևորեց ներկա փուլում նման ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ նշելով, որ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարները կարևոր են ոչ միայն կենսական օգտագործման, այլ նաև գյուղատնտեսության և ձկնաբուծության զարգացման համար։
«Վերջին տարիներին ջրային պաշարների նվազումը հանգեցրել է այն բանին, որ մենք այժմ պետք է գնահատենք ստեղծված իրավիճակը և համարժեք մոտեցում ցուցաբերենք։ Կառավարությունը վերջին տարիներին փորձում է վարչական տարբեր մեխանիզմներով ինչ-ինչ լուծումներ տալ ջրային պաշարների արդյունավետ օգտագործման համար։ Չեմ կարող ասել, որ դրանք արդեն ցանկալի արդյունքներ են տվել, ուստի առաջիկա տարիներին մեզ սպասում է հետևողական և լարված աշխատանք, որը պետք է համակողմանի լինի։ Նշեմ, որ աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղություններով։
Առաջինն օրենսդրական դաշտի կարգավորումն է, որպեսզի ջրային պաշարներից օգտվող բոլոր շահառուները լինեն վերահսկելի, որպեսզի դաշտը օրենքով սահմանված կարգով կարողանանք կարգավորել։ Հաջորդ ուղղությունը վարչարարությունն է և գույքագրումը։ Գույքագրումից բացի, այսօր իրական աշխատանք է կատարվում չօգտագործվող աղբյուրները չեզոքացնելու ուղղությամբ։ 70-ից ավելի հորեր են փակվել, իսկ այս պահի դրությամբ մոտ 100 հորեր բերված են փականային համակարգի՝ ջրի հոսքն առավել արդյունավետ կարգավորելու համար։ Այժմ կան ևս 16 հորեր, որ այս տարի կբերվեն փականային համակարգի: Երրորդ ուղղությունը վերաբերում է նորագույն տեխնոլոգիաների միջոցով ջրային ռեսուրսների մոնիթորինգի կազմակերպմանը։ Առաջիկա մեկ տարում կառավարությունն ի վիճակի կլինի համապատասխան ռեսուրսների ներդրմամբ հասնել նրան, որ ունենանք ավտոմատացված կառավարման համակարգ»,-ասաց Գևորգյանը։
ԱՄՆ միջազգային գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագրի շրջանակներում անցկացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրություն։ Ուսումնասիրությունը շեշտադրում է ՀՀ կառավարության կողմից այնպիսի գործողությունների իրականացման խիստ անհրաժեշտությունը, որոնք նպատակաուղղված են լուծելու խնդիրները՝ արդյունավետ կառավարման ու վերահսկման մեխանիզմների ներդրման և ջրային ռեսուրսների պահպանման միջոցով։ Այդ միջոցառումները կնպաստեն իրավիճակի բարելավմանը և Հայաստանի գյուղատնտեսության համար կենս ական նշանակություն ունեցող Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակի աստիճանական վերականգնմանը։