Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի դպրոցականներն ամռանը կհյուրընկալվեն Արարատի մարզի Այգեպատ համայնքում' անցկացնելու ամառային արձակուրդները: Այս մասին օրերս Արարատյան Հայրապետական թեմի դահլիճում կայացած հանդիպման ժամանակ նշել է Այգեպատի համայնքապետ Սերյոժա Պետրոսյանը, ով Ամանորյա նվերներով այցելել էր այգեպարցի երեխաներին եւ նրանց ուսուցիչներին: Այգեպարը սահմանամերձ գյուղ է, եւ պահպանում է մեր թիկունքը: «Յուրաքանչյուր քաղաքացի հնարավոր բոլոր միջոցներով պետք է աջակցի սահմանում բնակվող գյուղացուն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասել է համայնքի ղեկավարը:
Աշակերտները մայրաքաղաք էին ժամանել Արարատյան Հայրապետական թեմի հրավերով: Հանդիպմանը ներկա էին նաեւ թեմի երիտասարդները' Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ղեկավարությամբ, թեմի բարեգործական բաժնի պատասխանատու Շուշանիկ Պետրոսյանը, այլք:
Մալյանն իր խոսքում ասել է, որ Այգեպատի համայնքապետը սահմանամերձ գյուղին օգնելու գործում մշտապես կանգնել է իրենց կողքին: Շուշանիկ Պետրոսյանը նույնպես շնորհակալություն է հայտնել գյուղապետին' ասելով, որ նրա Ամանորյա փաթեթները թեմի նվերների հետ ավելի ուրախ դարձրին այգեպարցիների գալիք տոնը:
Այգեպարցիների համար ելույթ են ունեցել «Հումորիկ» թատրոնի սաները, Արարատյան Հայրապետական թեմի «Մանկունք» երգչախումբը, ասմունքնել են այգեպարցի երեխաները: Հյուրերը եղել են նաեւ մայրաքաղաքի տեսարժան վայրերում, թանգարաններում:
Լիլիթ Մաճկալյան