Այս տարի առաջին փուլով Երևանի պետական համալսարան է դիմել 3601 շրջանավարտ՝ անցած տարվա համեմատ՝ 370-ով պակաս: Նախորդ տարվա համեմատ դիմորդների թվի զգալի աճ է գրանցվել Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Ռադիոֆիզիկայի, Աստվածաբանության և Իրավագիտության ֆակուլտետներում: Այս մասին ԵՊՀ գիտխորհրդի հունիսի 26-ին անցկացված՝ այս ուստարվա ամփոփիչ նիստին նշել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսան դր Գրիգորյանը: Ինչպես տեղեկացնում է ԵՊՀ պաշտոնական կայքը, Գրիգորյանն այս մասին հաղորդել է' ներկայացնելով 2014-2015 ուստարվա ընդունելության գործընթացը:
Բացի այդ, նշվել է, որ դիմորդների թիվը նվազել է հատկապես Ֆիզիկայի, Կենսաբանության, Աշխարհագրության և երկրաբանության, Միջազգային հարաբերությունների, Փիլիսոփայության և հոգեբանության, ինչպես նաև Հայ բանասիրության ֆակուլտետներում:
«Մտահոգիչ մի հանգամանք էլ կա: Բակալավրիատի՝ բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներից 1409-ն առանց քննությունների մագիստրատուրայում անվճար սովորելու հնարավորություն ուներ, որից, սակայն, օգտվել է ընդամենը 714-ը»,- նշել է Գրիգորյանը և հավելել, որ փաստաթղթերի ընդունման 2-րդ փուլը մեկնարկել է այսօր:
Բացի այդ, գիտխորհրդի որոշմամբ՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում կատարվել են կառուցվածքային որոշ փոփոխություններ: Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի հիմքի վրա այսուհետ կգործեն երկու տարբեր ամբիոններ՝ Ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ու Ֆինանսական մաթեմատիկայի:
Ընթացիկ հարցերի շարքում քննարկվել և որոշվել է Քիմիայի ֆակուլտետը վերանվանել Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ: Ըստ այդմ՝ կներդրվի նոր՝ «Դեղագործություն» մասնագիտությունը՝ 4 մասնագիտացումներով:
Հրատարակության է երաշխավորվել ԵՊՀ ՈՒԳԸ 95-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի հոդվածների ժողովածուն: Գիտխորհուրդը նաև միջնորդություն կներկայացնի Բարձրագույն որալավորման հանձնաժողով՝ այն թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար ընդունելի ժողովածու ճանաչելու հարցով:
Հրատարակության է երաշխավորվել նաև Հավանականությունների տեսության ամբիոնի դոցենտ Կարեն Գասպարյանի «Տեսական և կիրառական վիճակագրություն» գիրքը, հետագայում նաև միջնորդություն կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ այն որպես դասագիրք ճանաչելու համար:
Ընթացիկ հարցերից վերջինը վերաբերում էր «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական հանդեսին: Այսուհետ դրանում կլինի ևս մեկ ուղղություն՝ ռուս բանասիրություն: