Սյունյաց աշխարհում արցախյան ազատամարտում անհայտ կորածներին պատվով են հիշում: Հունիսի 28-ին Կապանում անցկացվեցին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ: Առավոտյան քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց պատարագ և կատարվեց մոմավառության արարողություն: Բաղաբուրջի հուշահամալիրում թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին և զոհված ազատա մարտիկների շիրիմներին: Ծաղկադրման արարողությանը մասնակցում էին մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, բարձրաստիճան զինվորականներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ, ընկերներ: Միջոցառումները շարունակվեցին մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում, որտեղ ցուցադրվեց «Ողջեր և մեռածներ» ֆիլմը՝ նվիրված անհայտ կորած ազատամարտիկներին:

 

Ընթերցվեց ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձը օրվա առիթով, որում մասնավորապես ասված էր. «Մենք, հիշելով նրանց անուններն ու գործերը, վերստին հոգեպես հաղորդակցվում ենք նրանց հետ, ստանում բազմապատկված եռանդ՝ աշխատելու, նրանց հատուկ նվիրվածությամբ ու անձնազոհությամբ առաջ շարժվելու, դժվարություններից չվախենալու լիցքեր, և պարտավորվում ենք ջանք ու եռանդ չխնայել հայորդիներին փնտրելու ու հայրենիք վերադարձնելու, իսկ նրանց հարազատներին հնարավորինս օժանդակելու համար»:

 

Ելույթ ունեցան և անհայտ կորած ազատամարտիկներին սփոփանքի խոսքեր ասացին Կապանի քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանը, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» հկ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և ուրիշներ:

 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից անհայտ կորած 18 սյունեցի ազատամարտիկներ արժանացան մեդալների՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած հերոսական մասնակցության համար: Նրանց ընտանիքների անդամները, ում հանձնվեցին մեդալները, շոյված էին նման վերաբերմունքի համար:

 

Համերգային ծրագրով եզրափակվեց միջոցառումը, որի մասնակիցներն այնուհետև ներկա եղան Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանում բացված «Հիշողությունների մատյան» խորագրով ցուցահանդեսին: Այստեղ ներկայացված էին զոհված, անհայտ կորած ազատամարտիկների լուսանկարներ, անձնական իրեր, նամակներ: