Եվրամիության երկրների այն քաղաքացիները, ովքեր Սիրիայում և Իրաքում մասնակցել են մարտական գործողություններին, սպառնալիք են ներկայացնում ԱՄն-ի անվտանգությանը, քանի որ կարող են երկիր մուտք գործել առանց այցագիր ստանալու: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: «Մենք գիտենք, որ եվրոպացիներից ոմանք գնում են Սիրիա և այնտեղ մասնակցում մարտական գործողություններին: Այժմ նրանք կարող են այդ նպատակով գնալ նաև Իրաք:

 

Այնուհետև նրանք վերադառնում են իրենց երկրներ: Քանի որ նրանք ունեն եվրոպական անձնագրեր, նրանց այցագրեր հարկավոր չեն ԱՄՆ մուտք գործելու համար»,- ասել է Օբաման ABC ալիքին տված հարցազրույցում:

 

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամերիկյան հետախուզությունը վերջին մի քանի տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձնում այդօրինակ սպառնալիքներին: «Մեզ հարկավոր է ուժեղացնել աշխատանքն այդ ուղղությամբ: Դրանում կարևոր դեր կհատկացվի հատուկ նշանակության զորքերին»,- նշել է Օբաման: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ Բաշար Ասադի վարչակարգի դեմ կռվող սիրիացի զինյալների թվում կա շուրջ 9 հազար օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ մի քանի հազար եվրոպացի: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում, որը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կարողացել է վերահսկողություն հաստատել Իրաքի հյուսիսի մի շարք տարածքների նկատմամբ, գործում են արևմտյան երկրների անձնագրեր ունեցող շուրջ երկու հազար զինյալներ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: