Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար: Այս մասին հայտնում է թուրքական ԶԼՄ-ները:
«Օգոստոսի 28-ին վերջանում է իմ լիազորությունների ժամկետը: Ես չեմ առաջադրելու իմ թեկնածությունը: Այդ հարցը մենք քննարկել ենք վարչապետ Թայիփ Էրդողանի հետ դեռեւս մարտի 30-ի քաղաքապետական ընտրությունների ժամանակ», -Անկարայում լրագրողներին հայտարարել է Գյուլը:
Հուլիսի 1-ից սկսվում է Թուրքիայի նախագահի թեկնածուների առաջադրումը: Մինչ այժմ այդ պաշտոնում ընտրվելու համար թեկնածությունն առաջադրելու ցանկություն են հայտնել Իսլամական կոնֆերանս կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշը, իզմիրցի 58-ամյա ճարտարագետ Բուրհան Էրոլը, փիլիսոփայության ուսուցչուհի Ուլվիե Քաֆալը Օլգունը, պրոֆեսոր Բուշրա Էրսանլըն:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) դեռեւս պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածուի անունը, սակայն, սպասվում է, որ այն կդառնա վարչապետ եւ ԱԶԿ-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Անցյալ շաբաթվա վերջում Էրդողանը հայտարարել էր, որ հուլիսի 1-ին անձամբ կհրապարակի ԱԶԿ-ի որոշումը:
Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին: Եթե առաջին փուլի արդյունքներով ոչ մի թեկնածու չհավաքի 50 տոկոսից ավելի ձայներ, ապա ընտրությունների երկրորդ փուլը տեղի կուենա օգոստոսի 24-ին: Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նախագահին ընտրելու է ոչ թե խորհրդարանը, այլ ժողովուրդը' քվեարկության միջոցով: