Աֆղանստանում նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումը մի քանի օրով հետաձգվել է ձայների վերահաշվման համար: Այդ մասին հայտնել է Անկախ ընտրական հանձնաժողովը:

 

Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է հունիսի 14-ին: Դրան մասնակցել են առաջին փուլի երկու առաջատարները՝ արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Աբդուլա Աբդուլան և ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադձայը: Հաղթողին կորոշի քվեների պարզ մեծամասնությունը:

 

Ընտրությունների երկրորդ փուլի շուրջն սկանդալը բորբոքվել է հունիսի կեսերին՝ Աբդուլայի մի շարք կտրուկ հայտարարություններից հետո, որը հրաժարվել է ճանաչել քվեարկության արդունքները և պահանջել է դադարեցնել Անկախ ընտրական հանձնաժողովի աշխատանքը: Դրա համար հիմք են ծառայել իբր տեղ գտած ընդգրկուն խախտումները: Այս մեղադրանքները հնչել են Ահմադձայի հաղթանակի մասին չհաստատված տվյալների ֆոնի վրա:

 

Աբդուլայի շրջապատն սպառնացել է զանգվածային ցույցերով, եթե Աֆղանստանի իշխանությունները հրաժարվեն խախտումները հետաքննելուց: Երկրի ղեկավարության՝ այդ պահանջների հիմնավորվածությունը ճանաչել չցանկանալու առնչությամբ թեկնածուի կողմնակիցներն արդեն անցկացրել են բողոքի մի շարք զանգվածային ակցիաներ:

 

Ավելի վաղ Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Ավետիսյանը, մեկնաբանելով ստեղծված իրադրությունը, հայտարարել է, որ երկրի նոր նախագահը պետք է այնպես անի, որ քաղաքական և էթնիկական խմբերի ներկայացուցիչները չզգան, որ հայտնվել են քաղաքական կյանքից դուրս:

 

Ավետիսյանը նշել է, որ երկու թեկնածուներն էլ դա հասկանում են և փորձում են իրենց կողմը գրավել տարբեր քաղաքական ուժերի և էթնիկական խմբերի ներկայացուցիչներին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: