Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) քաղաքական ճգնաժամ է ստեղծվել: Այս մասին երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։
Նա հայտնեց, որ նախօրեին այդ հարցը քննարկել են կուսակցության քաղխորհրդի նիստում եւ ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ ընդունել են աշխատանքային փաստաթուղթ: Մակեյանի փոխանցմամբ, սակայն, քաղխորհուրդը որոշել է դեռեւս այդ փաստաթուղթը չհրապարակել, մինչեւ որ այն չքննարկեն ՀԱԿ-ի անդամ քաղաքական ուժերի հետ։
Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ ճգնաժամից դուրս գալու շրջանակներում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պահանջում է Կոնգրեսի համակարգողի պաշտոնից հեռացնել Լեւոն Զուրաբյանին։
Պետրոս Մակեյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհերքեց, որ ՀԱԿ-ը ճգնաժամից դուրս բերելու մասին իրենց աշխատանքային փաստաթղթում նաեւ Զուրաբյանի հեռացման հարցն են դրել:
«Մենք ներկայացրել ենք կոմպակտ փաստաթուղթ' ճգնաժամից դուրս գալու մասով, եւ անձերի մասով մեր մոտեցումները ես չեմ կարող հրապարակել», - ասաց նա եւ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան' «Բայց կա՞ նման բան, Զուրաբյանի հետ կապված ինչ-որ բան կա՞», հավելեց. - «Ես չեմ կարող որեւէ բան պնդել։ Ես ոչ մի բան ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում եմ»։
Հայ ազգային կոնգրեսը քաղաքական ճգնաժամից դուրս բերելուց բացի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը նաեւ որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին:
Պետրոս Մակեյանի խոսքերով' առաջին անգամ երկրում այնպիսի մի քաղաքական իրավիճակ է ստեղծվել, երբ չկա ընդդիմադիր ուժային կենտրոն, բայց նույնիսկ նման իրավիճակից ելքեր կարելի է գտնել:
Մասնավորապես, «Ժողովրդավարական հայրենիք»-ը դիմել է Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրություններում առաջադրված թեկնածուներից երեքին ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին եւ Պարույր Հայրիկյանին, առաջարկելով, որպեսզի ընտրապայքարում մնա նրանցից միայն մեկը, որի շուրջ էլ կհամախմբվի ընդդիմադիր դաշտը։
«Այս երեք թեկնածուները եթե իրավիճակը ճշգրիտ գնահատեն ու հանդես գան միասնական ծրագրով ու թիմով, եւ քվեաթերթիկում մնա նրանցից մեկը, այդ դեպքում մեր կուսակցությունը ակտիվ կմտնի քաղաքական գործընթացի մեջ», - հայտարարեց Մակեյանը։
«Այսինքն, դուք ճիշտ եք համարում, որպեսզի այս երեք թեկնածուներից մեկը միայն մնա, միեւնույն է' դա կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, թե Պարույր Հայրիկյանը», - այս դիտարկմանն էլ «Ժողովրդավարական հայրենիք»-ի ղեկավարը արձագանքեց. - «Իհարկե, մեզ համար անձերը նշանակություն ունեն նախընտրելի, բայց այս պահի դրությամբ անձը էական չէ»։