Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը պատմել է, որ թիմում հիասթափված են Նեյմարի ստացած վնասվածքից: Բրազիլացիները ձեռք բերեցին կիսաեզրափակչի ուղեգիր՝ 2:1 հաշվով հաղթելով Կոլումբիայի ընտրանուն: Խաղի ընթացքում բրազիլացիների առաջատար Նեյմարը վնասվածք ստացավ ու նրան խաղադաշտից դուրս բերեցին պատգարակի օգնությամբ: Նեյմարը ստացել է գոտկատեղի երրորդ ողի վնասվածք, այդ պատճառով էլ բաց կթողնի առաջնության մնացյալ հատվածը:

 

«Այն, որ նա չի խաղա առաջնության մնացած մասում, մեզ տխրեցնում է: Մենք գիտենք, թե նա ինչպես էր ուզում իրեն դրսևորել տնային առաջնությունում և ինչքան երջանիկ էր՝ Բրազիլիայի բնակիչներին ուրախություն պարգևելու համար: Նա անհավատալի փոքրիկ է: Կարծում եմ՝ եթե նա ցանկանար մեզ ինչ-որ խոսք հղել, ապա կասեր. «Տղերք, գլուխներդ բարձր պահեք: Ես կլինեմ ձեր 13-րդ խաղացողը»»,- Սեզարի խոսքը մեջբերում է բրազիլական մամուլը: