Ինչպես հայտնում է korrespondent-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զինծառայողներին հանձնարարել է բարձրացնել Ուկրաինայի պետական դրոշը Սլավյանսկում: Այդ մասին նախագահը գրել է facebook-յան իր էջում:
«Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին զեկուցել է, որ այսօր գիշեր աշխարհազորայինները փորձել են դուրս գալ Սլավյանսկից՝ ընկնելով ուկրաինական զորքերի ականանետային կրակի տակ: Սլավյանսկն ազատագրված է անջատողականներից: Ուկրաինայի նախագահը հանձնարարել է Գլխավոր շտաբի պետին վերականգնել պետական դրոշը Սլավյանսկի քաղաքային խորհրդի շենքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ չնայած ուկրաինացի ուժայինների դիմադրությանը՝ աշխարհազորայինների շարասյունը կարողացել է դուրս գալ շրջափակված Սլավյանսկից և անցնել Կրամատորսկ: Այս տեղեկությունն ավելի ուշ հաստատել է նաև Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավոկովը: