Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել արտահերթ նիստ գումարել Գազայի հատվածում իրավիճակը քննարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Նաբիլ ալ Արաբին իր մտահոգությունն է հայտնել Գազայի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների առնչությամբ՝ զգուշացնելով, որ մարդասիրական իրվիճակը կարող է կտրուկ վատանալ: Իսրայելի ռազմական գորոծղությունները նա որակել է միջազգային իրավունքի և ժնևյան համաձայնության ակնհայտ խախտում:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից հրթիռակոծությունը պետք է դադարեցվի: Նա նաև իր մտահոգությունն է հայտնել պաղեստինցիների շրջանում մեծ թվով զոհերի և վիրավորների կապակցությամբ, ովքեր դարձել են իսրայելական ռազմական գործողությունների զոհ: Պան Կի Մունը կոչ է արել հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել: Իսրայելի դեմ ուղղված հրթիռների արձակումը քննադատել է նաև ԱՄՆ-ը՝ նշելով, որ աջակցում է Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքին:

 

Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 9-ին հայտարարել է, որ կողմերը պետք է դադարեցնեն ռմբակոծությունները, իսկ Սիրիան և Իրանը հանդես են եկել Իսրայելի ռազմական գործողությունների քննադատությամբ:

 

Իսրայելական ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 13 երեխա: Ընդհանուր առմամբ, զոհերի թիվը հասել է 33-ի, իսկ վիրավորներինը՝ 290-ի: