Կոնստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա քրիստոնեական տաճարը, որը ներկայում գործում է որպես թանգարան, թուրքերը մտադիր են կրկին վերածել մզկիթի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի կրոնական հարցերով նախարար Մեհմեթ Գյորմեզը:

 

Երկար ժամանակ է, ինչ թուրք ազգայնականները կառավարությանը կոչ են անում Այա Սոֆիան վերածել մզկիթի' հիմնավորելով դա այն բանով, որ Կոնստանդնուպոլսի բռնազավթումից հետո սուլթան Մեհմեդ 2-րդը նամազ է արել այնտեղ եւ եկեղեցին հռչակել մզկիթ: Թուրքիայի Հանրապետության շրջանում, քեմալիստական Ժողովրդահանրապետական կուսակցության իշխանության տարիներին' 1935 թվականին թուրքական կառավարության որոշմամբ Սուրբ Սոֆիան սկսել է գործել որպես թանգարան: Ներկայում Թուրքիայի բնակչության 99,2 տոկոսը մահմեդականներ են:

 

Բյուզանդական կայսրության գլխավոր քիստոնեական տաճարը' Սուրբ Սոֆիան եղել է Կոնստանդնուպոլսի պատրիարքի նստավայրը: 1452 թվականին օսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաք Կոնստանդնուպոլսի գրավումից հետո 483 տարի ծառայել է որպես մզկիթ: Իր ներկա տեսքով, բացառությամբ թուրքերի կողմից շուրջը հետագայում կառուցված մինարեթներից, Սուրբ Սոֆիա տաճարը 532-537 թթ. Հուստինիանոս Առաջին կայսեր նախաձեռնությամբ կառուցել են ճարտարապետներ Իսիդոր Միլեթացին եւ Անթիմիոս Թրալացին:

 

Թուրքերը վարպետ են իրենց զավթած տարածքներում այլ ազգերի եւ քաղաքակրթությունների ստեղծածն իրենցը համարելու մեջ: Նրանք վարպետ են նաեւ այլ կրոնների աղոթատեղիներն իրենցը դարձնելու, սրբապղծելու գործում: Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բայչելին, ով խիստ անհանգստացել էր 2011 թվականին Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին արձանագրությունների ստորագրմամբ, թուրք ազգայնականների մեծ շքախմբով շտապել էր նամազ անել Հայոց մայրաքաղաքներից Անիի Մայր Եկեղեցում' դրանով մեկ անգամ եւս ցույց տալով, որ Եվրոպա ձգտող ներկայիս թուրքերը ոչնչով չեն տարբերվում 1000 տարի առաջ Անատոլիայում հայտնված իրենց քոչվոր նախնիներից: