Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ջոն Բասն իր նշանակումը Սենատում հաստատելու նիստում խոսել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնիշխան դառնալու մասին:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը, այդ մասին Ջոն Բասն ասել է Էրդողանի' դեպի անձնիշխանականություն թեքվելու վերաբերյալ սենատոր Ջոն ՄկՔեյնի բարձրաձայնած հարցին տված պատասխանում:

 

Նշվում է, որ սկզբում Ջոն Բասը խուսափել է խոսել Էրդողանի' անձնիշխան դառնալու մասին, սակայն, երբ 3 րոպե 25 վայրկյան տեւած ընդհարումից հետո սենատորը հայտարարել է, որ վետո կդնի նրա թեկնածությանը, Ջոն Բասն ասել է. «Այո, Էրդողանը թեքվել է դեպի ավտորիտարիզմ»:

 

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին կատարած անդրադարձում ասել է, որ Էրդողանի ապրիլքսանչորսյան «ցավակցական» ուղերձը ցույց է տալիս, որ թուրքական կառավարությունը «դրական ջանքեր է գործադրում եւ դուռը բաց է թողնում երկխոսության համար»: «Բայց կարող է ավելին անել: Մենք խրախուսում ենք 1915 թվականին տեղի ունեցած ողբերգությունը ճանաչելու հարցում երկու կողմի բաց եւ արդարացի երկխոսությունը»,-ասել է նա: