Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ջոն Բասն իր նշանակումը Սենատում հաստատելու նիստում խոսել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնիշխան դառնալու մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, այդ մասին Ջոն Բասն ասել է Էրդողանի' դեպի անձնիշխանականություն թեքվելու վերաբերյալ սենատոր Ջոն ՄկՔեյնի բարձրաձայնած հարցին տված պատասխանում:
Նշվում է, որ սկզբում Ջոն Բասը խուսափել է խոսել Էրդողանի' անձնիշխան դառնալու մասին, սակայն, երբ 3 րոպե 25 վայրկյան տևած ընդհարումից հետո սենատորը հայտարարել է, որ վետո կդնի նրա թեկնածությանը, Ջոն Բասն ասել է. «Այո, Էրդողանը թեքվել է դեպի ավտորիտարիզմ»:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին կատարած անդրադարձում ասել է, որ Էրդողանի ապրիլքսանչորսյան «ցավակցական» ուղերձը ցույց է տալիս, որ թուրքական կառավարությունը «դրական ջանքեր է գործադրում և դուռը բաց է թողնում երկխոսության համար»: «Բայց կարող է ավելին անել: Մենք խրախուսում ենք 1915 թվականին տեղի ունեցած ողբերգությունը ճանաչելու հարցում երկու կողմի բաց և արդարացի երկխոսությունը», -ասել է նա: