Արարատի մարզում այս տարվա վեց ամսվա ընթացքում գրանցվել 1144 ծննդաբերություն, մայրերից մեկը եղել է մայրաքաղաքի, իսկ յոթը' այլ մարզերի բնակիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը, ըստ ծննդատների տվյալների' «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ում ծննդաբերել է 56 կին, «Մասիսի ԲԿ» ՓԲԸ-ում' 63, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ում' 64, «Արարատի հիվանդանոց ԲԿ» ՓԲԸ-ում' 20:
Խաչատրյանն ասաց, որ նախորդ տարվա վեց ամսվա ընթացքում գրանցվել է 1075 ծննդաբերություն: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 69-ով: Վարչության պետը նշեց, որ ուրախալի է ծննդաբերությունների թվի ավելացումը, չնայած մարզում տարածված արտագաղթիմեծ ծավալներին: Բնական ճանապարհով երեխաների ծնունդներից բացի, այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 271 կեսարյան հատում, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում դրանց թիվը կազմել էր 247:
Ամբողջ նախորդ տարվա ընթացքում մարզի չորս հիվանդանոցներում գրանցված ծննդաբերությունների թիվը կազմել է 2531, կեսարյան հատումների թիվը' 561: Այլ մարզերից ծննդաբերության համար մարզի ծննդատներ են դիմել 17, իսկ մայրաքաղաքից' երկու քաղաքացի: