Արարատի մարզի տարածքում 2014 թվականի ընթացքում գրանցվել են 730 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել են 17 եւ մարմնական վնասվածք ստացել 376 մարդ:
Ինչպես «Արմնեպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, նախորդ տարվա համեմատ արտակարգ դեպքերն աճել են 31-ով, զոհերի թիվը նվազել է տասով, իսկ վիրավորների թիվը' 144-ով:
Նախորդ տարվա ընթացքում գրանցված դեպքերից 332-ը տեխնածին են, ինչը կազմում է ընդհանուր դեպքերի 45 տոկոսը: Դրանց հետեւանքով զոհվել են 17 մարդ եւ վիրավորվել' 131-ը: Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը նվազել են 80-ով:
Նկատելի է, որ նախորդ տարի հրդեհների դեպքերը, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, մարզում աճել են 21-ով' հասնելով 215-ի: Դրանք տեղի են ունեցել քաղաքացիներին պատկանող տարածքներում: Հրդեհների հետեւանքով հաշվետու ժամանակահատվածում զոհվել է մեկ եւ վիրավորվել երկու մարդ: 2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզում գրանցվել է նաեւ մեկական ցրտահարության եւ ուժեղ քամու դեպք:
Մարգարյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերի թիվը հասել է 398-ի, որոնց ժամանակ զոհեր չեն գրանցվել, վիրավորվել են 245 մարդ: 2013 թվականի համեմատ սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերն աճել են 111-ով: Հիշյալ պատահարներից զոհվել են հինգ մարդ, վիրավորների թիվը նվազել է 35-ով:
Լիլիթ Մաճկալյան