Նախորդ տարվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներն արտակարգ դեպքերի հետեւանքների վերացման համար իրականացրել են 838 ելք, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրանց թիվն աճել է 129-ով: Մարզում հիշյալ ժամանակահատվածում գրանցված 332 տեխնածին բնույթի արտակարգ դեպքերից 215-ը հրդեհի դեպքերն են:

 

Ինչպես «Արմնեպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, նկատելի է, որ այս տարի հրդեհների դեպքերը մարզում աճել են 21-ով: Դրանք տեղի են ունեցել քաղաքացիներին պատկանող տարածքներում, հողամասերում: Հրդեհների հետեւանքով հաշվետու ժամանակահատվածում զոհվել է մեկ եւ վիրավորվել երկու մարդ:

 

2014 թվականի ընթացքում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 220 ահազանգ, հրդեհ է գրանցվել 215 դեպքում, մյուս հինգ դեպքերում գրանցվել է կեղծ կանչ: 2013 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ահազանգերի թիվը եղել է 22-ով պակաս, քան 2014 թվականին:

 

Մարզում հրդեհների պատճառած նյութական վնասը 2014 թվականի ընթացքում կազմել է 186,392,555 դրամ: 2013 թվականի նույն ժամանակահատվածում հրդեհների հասցրած վնասը կազմել է 37,891,800 դրամ:

 

 

Լիլիթ Մաճկալյան