Արարատի մարզի տարածքում այս տարվա ինն ամիսների ընթացքում գրանցվել է 638 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել են 16 եւ մարմնական վնասվածք ստացել 350 մարդ:
Ինչպես «Արմնեպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, նախորդ տարվա համեմատ արտակարգ դեպքերն աճել են 110-ով, զոհերի թիվը նվազել է յոթով, իսկ վիրավորների թիվը' 24-ով:
Նախորդ ինն ամիսների ընթացքում գրանցված դեպքերից 300-ը տեխնածին են, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի 47 տոկոսը: Դրանց հետեւանքով զոհվել է 16 մարդ եւ վիրավորվել 138 մարդ: Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը նվազել են հինգով: Նկատելի է, որ այս տարի հրդեհների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզում աճել են 57-ով' հասնելով 200-ի: Դրանք տեղի են ունեցել քաղաքացիներին պատկանող տարածքներում, հողամասերում' այրվելով չոր խոտ, հնձած ցորենի արտեր եւ անասնակեր: Հրդեհների հետեւանքով հաշվետու ժամանակահատվածում զոհվել է մեկ եւ վիրավորվել երկու մարդ: 2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզում գրանցվել են նաեւ մեկ ցրտահարության եւ մեկ ուժեղ քամու դեպք:
Մարգարյանը նշեց, որ այս տարվա ընթացքում սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերի թիվը հասել է 228-ի, զոհեր չեն գրանցվել, վիրավորվել են 212 մարդ: Նախորդ տարվա համեմատ սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերն աճել են 137-ով: Հիշյալ դեպքերից զոհեր չեն եղել, վիրավորների թիվն աճել է 11-ով:
Լիլիթ Մաճկալյան