Հայազգի գործարար և բարերար, Մոսկվայում ձերբակալված Լևոն Հայրապետյանի և աղջկա հանդիպումը շատ կարճ է տևել, սակայն այդ հանդիպումից գործարարն իրեն լավ է զգացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն Հայրապետյանի վստահված անձ և ընկեր Մացակ Փոլադյանը նշեց, որ Հայրապետյանի գործի վերաբերյալ շատ մանրամասներ չկան: Նրա առողջական վիճակը մի քիչ լավացել է, իսկ դստերը հանդիպելուց հետո, հոգեպես ուրախացել է: Փոլադյանը հավելեց, որ անընդհատ կապի մեջ է Հայրապետյանի Մոսկվայի ընկերների հետ և նրանք իրեն հավաստիացրել են, որ Հայրապետյանին անպայման կտեղափոխեն հիվանդանոց:

 

«Ամենաուշը՝ մեկ շաբաթից Հայրապետյանն անպայման հիվանդանոց կտեղափոխվի: Իսկ մինչ այդ, փաստաբանը զբաղվում է գործով և ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարությունը վերահաստատվի և Լևոնն ազատ արձակվի»,- ասաց Փոլադյանը:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լևոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

 

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

 

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

 

Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ հուլիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: