Հայազգի գործարար և բարերար, Մոսկվայում ձերբակալված Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը բավարար է: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Լևոն Հայրապետյանի վստահված անձ, ընկեր Մացակ Փոլադյանը: «Այսօր առավոտյան տեղեկացա, որ Լևոն Գուրգենիչի առողջական վիճակը բավարար է: Եթե հավատ ընծայենք, խոստացել են առաջիկա օրերին նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց կամ տնային կալանքի»,- ասաց Փոլադյանը:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լևոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

 

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հանցագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

 

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել:

 

Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: