Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բրյուսել, որտեղ հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Twitter-ի իր միկրոբլոգում համանախագահը գրել է. «Հենց նոր ժամանեցի Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին' Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու համար: Մենք ձգտում ենք կարգավորման' բանակցությունների միջոցով»,- գրել է Ջեյմս Ուորլիքը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին կմասնակցի Եվրամիության և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Բրյուսելում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

 

Մինչ այդ, Վարշավայում հանդիպել էին ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Նրանք քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ու առաջարկներ ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համար: