Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի տարատեսակ թաքնված և բացահայտ թանկացումների: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Անգամ զարգացած երկրներում էլեկտրաէներգիայի 10 տոկոսի գնաճի արդյունքում սպառողական ապրանքների գներն աճում են 1-1,5 տոկոսով: Մեր երկրում անհամաչափ թանկացումներ են դիտվում: Առաջին հայացքից թվում է, թե ապրանքը քիչ պետք է թանկանա, բայց մեր երկրում այդպես չէ: Հայաստանում բացահայտ գնաճը 3 տոկոս կկազմի, ոչ տեսանելին՝ 5 տոկոս: Օրինակ՝ դիտարկենք հացի փոքր արտադրամասերը: Նրանք մշտապես թխում են նույն քանակով հաց: Սակայն ինչպե՞ս են թանկացնում, որ մեզ համար աննկատ է մնում: Հացը հիմնականում ուղեկցվող փաստաթղթով չի վաճառվում, և դրա քաշը փոխվում է: 250 դրամանոց հացը դառնում է, ասենք, 230 գրամ, սակայն սպառողի համար դա անտեսանելի է, որովհետև նա նույն գումարով է գնում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Բաբկեն Պիպոյանը:
Պիպոյանի համոզմամբ, տարբեր արտադրողներ ամբողջ աշխարհում իրականացնում են նմանօրինակ մարքեթինգային հնարքներ: «Վերցնենք, օրինակ, թթվասերը: 450-գրամանոց թթվասերը վերածվում է 400 գրամի, սակայն նույն տարայի մեջ է , բայց պիտակի վրա գրվում է հենց 400 գրամ, և ոչ ոք չի կարող տուգանել արտադրողին: Փաստացի գրված է 400 գրամ, թեև տարայի արտաքին տեսքն ամբողջությամբ պահպանվում է»,-ընդգծեց Պիպոյանը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի համոզմամբ, նույնը հրուշակեղենի դեպքում է: «Աննկատ գնաճին զուգահեռ կդիտվի տեսանելի գնաճ, հատկապես այն ոլորտներում, որտեղ խոսում են թանկացումների մասին: Թանկացումը կարող է հանգեցնել խնայողության խանութների կողմից: Օրինակ, գիշերային ժամերին նրանք կարող են անջատել սառնարանները, սակայն այս դեպքում ի հայտ կգան ռիսկեր: Պետք է հետևել, որ պահպանման պայմանները ճիշտ լինեն: Շատ սուպերմարկետներում էլ բաց սառնարաններ կան, որոնք չեն պահպանում ապրանքը պահելու ջերմաստիճանը:Մթերքը հաճախ դառնում է վտանգավոր»,-նշեց նա:
Անդրադառնալով ձմերուկից թունավորումների դեպքերին՝ բանախոսը նշեց, որ հայտնի չէ, թե ինչ ձմերուկից են թունավորվել մարդիկ՝ տեղական արտադրությա՞ն, թե՞ ներկրված: «Սխալ է ասել, թե այլ երկրներից ներկրված ապրանքներից ենք թունավորվում, իսկ մեր ապրանքներից՝ ոչ»,-փաստեց Պիպոյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստում որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Որոշման համաձայն' 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողներիի համար' ցերեկային սակագին' 32.85 դրամ/կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը, գիշերային սակագին' 28.85 դրամ կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը:
6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար' ցերեկային սակագին' 38.85 դրամ/ կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը, գիշերային սակագին' 28.85 դրամ/կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը: 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների, այդ թվում բնակիչների համար' ցերեկային սակագին 41,85 դրամ/կՎտժ, գիշերային' 31.85 դրամ/կՎտժ: Գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնաին առևտրի հաշվառքի սարքի առկայության դեպքում: Որոշումը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: