Մինսկի խմբի համանախագահների արտահայտած վերջին դիրքորոշումն ու հայտարարությունն ուղղված էր Ադրեբեջանին: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

«Դիվանագիտական էթիկան պահանջում է, որ գնահատականների մեջ հստակ կոնկրետություն չլինի, այլ լինի կոչ կողմերին: Կարծում եմ' բոլորը' թե' համանախագահող երկրների ղեկավարները, թե' բոլոր այն փորձագետները, ովքեր հետաքրքրվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, տեղյակ են, որ Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում իրականացնում են ապակայունացմանը միտված գործողություններ, ինչը չի բխում մեր բանակցությունների տրամաբանությունից»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը' վերահաստատելով, որ համանախագահների հղած ուղերձն ուղղված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը:

 

Հուլիսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել' խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրացման և հայ-ադբեջանական սահմանին խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ:

 

Եռանախագահները հորդորել են կողմերին դժբախտ իրավիճակներից խուսափելու հանձնառություն ստանձնել և զերծ մնալ դիտավորյալ հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակիչների վրա: Կողմերին նաև կոչ է արվել մեղմել ստեղծված լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պայմաններին:

 

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:

 

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա'1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

 

Դիվերսանտների նկատմամբ ԼՂՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ և առաջադրել մի քանի մեղադրանքներ: