Հանրապետությունում հուլիսի 25-ին գրանցվել են մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հուլիսի 25-ին, ժամը 08.30-ին, «ԳԱԶ-322132-220» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Արարատյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել «Տոյոտա Պլաց» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով վերջին ավտոմեքենայի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 25-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1981 թ. ծնված Կարեն Վ.-ի վարած մոտոցիկլը ժամը 15.10-ի սահմաններում Արարատի Խանջյան փողոցում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այնուհետև հուլիսի 25-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Կայարանամերձ հրապարակի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված Մետաքսյա և 2004 թ. ծնված Լիանա Ղ.-երին:Վարորդը տուժողներին նույն ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանության Կուայրիի բաժին:
Բացի այդ, հուլիսի 25-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1984 թ. ծնված Խաչատուր Մ.-ի վարած «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենան ժամը 19.45-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 68-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ուղեմասի աջ մասում կայանված «Նիսսան Մաքսիմա» ավտոմեքենայի, այնուհետև կողաշրջվել է ռեստորանի ավտոկայանատեղի և բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ԳԱԶ-2417» ավտոմեքենայի վարորդ Խաչատուր Մ.-ն, որը եղել է ոչ սթափ վիճակում, և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքերի առնչությամբ ատարվում է քննություն: