Պոլտավայի մարզում սպանվել է Ուկրաինայի Ռադայի նախկին պատգամավոր, Կրեմենչուկի ծագումով ադրբեջանցի քաղաքապետ Օլեգ Բաբաեւը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ համագումարի ղեկավար Ռովշան Թաղիեւը APA լրատվական գործակալությանը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան' տեղական ժամանակով ժամը 10:00-ին' նրա տան առաջ:
Երբ Բաբաեւը դուրս է եկել տանից, դիմակներով անհայտ անձինք նրա վրա կրակել են: Բաբաեւը տեղում մահացել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, իրավապահ մարմինները որոնում են հանցագործությունը կատարած անձանց:
Օլեգ Բաբաեւը ծննդով Գյանջայից է: Նա ուկրաինական խորհրդարանի պատգամավոր է եղել Վիկտոր Յուշչենկոյի նախագահության շրջանում: Բաբաեւը նաեւ խոշոր բիզնեսմեն էր:
Կրեմենչուկի քաղաքապետի սպանության հետաքննությունը վերցվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի անձնական վերահսկողության տակ: