Իսրայելական ուժերն արդեն 24 օր է անընդմեջ գնդակոծում են Գազայի հատվածը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հուլիսի 30-ի առավոտյան իսրայելական ուժերը նոր զանգվածային սպանություններ են իրականացրել՝ հարձակում իրականցնելով Ջաբալիա ճամբարում գտնվող ՄԱԿ-ին պատկանող դպր ոցի վրա, որը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսում: Հարձակման հետևանքով շուրջ 20 պաղեստինցի զոհվել, տասնյակները վիրավորվել են: Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան աղոթքի ժամանակ: Զոհվածների թիվում կա մեկ երեխա, իսկ զոհերից 5-ը միևնույն ընտանիքի անդամներ են:
Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ այսօր Գազայի հատվածում արդեն իսկ զոհվել է 30 և վիրավորվել մոտ 100 մարդ: Աղբյուրի տեղեկացմամբ, պաղեստինցի զոհերի թիվը հասել է 1255-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 7100-ը:
Տեղեկություններ կան, որ իսրայելցի 2 զինվոր են վիրավորվել:
Գազայի հատվածում նախօրեին ռմբակոծություններն ուղղվել էին նաև Գազայի հատվածի միակ էլեկտրակայանի վրա, որի հետևանքով մեծ հրդեհ էր բռնկվել: Այժմ Գազայի մեծ մասը հոսանքազրկված է:
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններն սկսել է հուլիսի 8-ին: