Լիբիայում զինված խմբավորումն առևանգել է խորհրդարանի նախկին փոխնախագահ Աբու Շակուրին, ով վերջերս՝ հունիսի 25-ին, տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընտրվել էր Լիբիայի խորհրդարանի պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Աբու Շակուրին 3 մեքենայով առևանգել են իր տնից և տարել անհայտ ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ մինչև առևանգումը նա հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ անհայտ անձը նրանից պահանջել է դուրս գալ տնից:
Միևնույն ժամանակ Լիբիայի Բենղազի քաղաքում, մասնավորապես բանակի հենակետերի մոտ, շարունակվում են բախումները կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև: Ապստամբներն արդեն վերահսկողություն են հաստատել բանակին պատկանող 5 ռազմակետերի վրա:
Մի քանի շաբաթ շարունակվող բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ, մի քանի հարյուր մարդիկ վիրավորվել են: Նրանց թվում կան անմեղ բնակիչներ, որոնք տուժել են հրթռիակոծության հետևանքով:
Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ԱՄՆ-ը դիվանագիտական ներկայացուցչություններից հեռացրել է իր աշխատակիցներին:
2011թ.Մուամար Քադաֆիի իշխանության տապալումից հետո իրավիճակը Լիբիայում այդպես էլ չի կարգավորվել: Երկրի շատ շրջաններ գտնվում են տարբեր խմբավորումների վերահսկության տակ: