Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը թեւակոխել է լարված մթնոլորտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Սաբահ» թերթը, երեկ բախում է տեղի ունեցել ծագումով զազա քուրդ Սալահեթդին Դեմիրթաշի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) եւ «Ժողովրդական ճակատ» խմ բի անդամների միջեւ:
Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Նուրթեփե փողոցում, որտեղ վահանակ են փակցրել Դեմիրթաշի համակիր ընտրողները, ինչն առաջացրել էր ազգայնական տրամադրություններ ունեցող «Ժողովրդական ճակատ» խմբի անդամների դժգոհությունը: Նրանց ներկայացուցիչների միջեւ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետեւանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:
Նշվում է, որ թուրք ազգայնականները ջարդել են Դեմիրթաշին գովազդող վահանակը եւ այրել նրա նախընտրական բրոշյուրները: «Ժողովրդական ճակատ» խմբի Twitter-ի էջում նշվել է, որ «թույլ չեն տա Չայան թաղամասում որեւէ քաղաքական կուսակցության նախընտրական քարոզչություն անցկացնել»: