Բեյրութի «Թռչնոց բույն» որբանոցի տարածքում կառուցվող Հայոց ցեղասպանությանը և որբերին նվիրված թանգարանի շինարարությունը մոտենում է ավարտին: Ինչպես հղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը, այս մասին հուլիսի 31-ին հայտնել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը:
«Հոգեկան անհուն ուրախությամբ հավաստում եմ, որ Հայոց Ցեղասպանությանն ու որբերին նվիրված թանգարանի շինարարությունը հասել է իր վերջնակետին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում Հայոց ցեղասպանությանը նվիրված բազում թանգարաններ կան, և նորերն էլ կառուցվում են, սակայն Հայոց ցեղասպանության ու որբերի այս թանգարանը եզակի է իր բնույթով ու նպատակով: Այս թանգարանը վառ կպահի մեր որբերի հիշատակը մեր հավաքական հիշողության ու գիտակցության մեջ»,- նշել է նորին սրբություն Արամ Ա-ն:
Նո ողջունել է Հայոց ցեղասպանության և որբերի թանգարանի հանձնախմբերի կատարած աշխատանքը, որի կազմում են Կաթողիկոսարանի ճարտարապետները, պատմաբաններ ու հնագետներ: Թանգարանի շինարարությունը կավարտվի վեց ամսվա ընթացքում: Այն բաղկացած կլինի Հայոց ցեղասպանությանը, որբերի կյանքին և հայ ժողովրդի վերածննդին նվիրված երեք բաժնից: Մուտքի մոտ տեղադրվելու է դանիացի միսիոներուհի Մարիա Ցակոբսոնի դամբարանը, ով 1922-ին Սայդայում հիմնել է «Թռչնոց բույնը»' փրկելով բազմաթիվ հայ որբերի կյանքեր: Ցակոբսոնի դամբարանի կողքին կտեղադրվի նաև 1929-19 53 թվականներին մահացած հայ որբերի դամբարանը:
Թանգարանի կառուցման հայանձնախումբը կոչ է անում բոլորին, ովքեր «Թռչնոց Բույն»-ի կամ ցեղասպանությունից որբացած մանուկների հետ կապված փաստաթղթեր, նկարներ, վկայագրեր, հաստատագրեր կամ իրեր ունեն, դրանք տրամադրել թանգարանին' ցուցադրության համար: