Ուրուգվայի հայ համայնքն ուղիներ է փնտրում տեղում Հայոց ցեղասպանության թանգարան ստեղծելու համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը, Ուրուգվայի կառավարությունը թույլատրել է թանգարան կառուցել, և համայնքը ներկայումս միջոցների հայթայթման խնդրով է զբաղված: «Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու գործն ընթացքի մեջ է: Հայ համայնքը միջոցներ է փնտրում տարածքի և կառուցման աշխատանքների համար: Հնարավոր է' դիմենք Ուրուգվայի կառավարությանը' տարածք տրամադրելու խնդրով»,-ասաց Հակոբ Տաբակյանը' նշելով, որ մինչ 2015 թվականը կփորձեն կյանքի կոչել այդ նախագիծը:

 

Հարցին ի պատասխան, թե հնարավոր է, որ Ուրուգվայը դառնա առաջին երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը' Հակոբ Տաբակյանը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են: «Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, առաջին պետությունն էր, որ պետական ներկայացուցչական խումբ ուղարկեց Լեռնային Ղարաբաղ, ինչը շատ մեծ քայլ է: Ուրուգվայն այժմ փորձում է վարել հավասարակշռված քաղաքականություն, քանի որ ադրբեջանական համայնքը մեծ ազդեցություն ունի այս երկրում: Յուրաքանչյուր մեր քայլը հանդիպում է ադրբեջա նական հակազդեցությանը, դրա համար էլ չէի ցանկանա շատ խոսել այդ մասին»,-փաստեց Հակոբ Տաբակյանը:

 

Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած առաջին պետությունն է: Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի «Հայ նահատակների հիշատակի օրվա մասին» բանաձեւն ընդունվել է 1965թ. ապրիլի 20-ին: