«Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» /AAMM/ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից Գյումրի ժամանած բժիշկների խումբն ամփոփեց ակցիայի արդյունքները: Օգոստոսի 2-ին Գյումրու «Բժշկական կենտրոն»-ում կայացած ասուլիսի ժամանակ նախաձեռնության համահեղինակ, լապարասկոպիկ վիրաբույժ Գևորգ Մութաֆյանը նշեց, որ հուլիսի 22-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ից ժամանած բժիշկներն իրականացնել են ավելի քան 400 բուժզննում- խորհրդատվություն և 60 վիրահատություն:

 

Խմբին դիմել են ինչպես գյումրեցիները, այնպես էլ տարբեր խնդիրներ ունեցող հիվանդներ՝ հանրապետության տարբեր մարզերից:

 

«Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի շրջանակներում, այս տարի Գյումրիում էին անոթային, լապարասկոպիկ, ընդհանուր վիրաբույժներ, ուրոլոգներ՝ այն մասնագետները, ում կարիքը Գյումրին ունի: «Խմբի անդամներն արդեն մեկնելու են, բայց Գևորգ Մութաֆյանը դեռ այստեղ է և չորս օրից բժշկական կենտրոնի հետ արդեն կհսատակեցնենք հաջորդ տարվա ծրագրերը և այն մասնագիտական խմբիկազմը, որը կգա Գյումրի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

 

Խոսելով Հայաստանում հիվանդությունների ու հիվանդների առանձնահատկությունների մասին՝ ընդհանուր և անոթային վիրաբույժ Սիմոն Քյուշքարյանը նշեց, որ 2 խնդիր կա, որոնք Հայաստանում առավել մտահոգիչ են՝ հիվանդները շատ ուշ են դիմում բժիշկների և շատ են գեր մարդիկ, ինչն, անխոս, չի կարող լավ անդրադառնալ մարդկանց առողջության վրա:

 

«Մնացած պարագայում ամեն ինչ այստեղ հրաշալի է: Գյումրիում կա լավ բժշկական կենտրոն: Ճիշտ է' նոր և ժամանակակից որոշ սարքավորումների խնդիր կա, բայց պայմաններն այստեղ շատ բարվոք են»,- նշեց Սիմոն Քյուշքարյանը:

 

Այս այցը AAMM-ի միակ առաքելությունը չէ. ծրագրի շրջանակներում շատ շուտով Գյումրու «Բժշկական կենտրոն»-ը կստանա 17 արկղ անհրաժեշտ բուժսարքավորումներ և բժշկական պարագաներ: Ավելացնենք, որ Հայաստան կատարած այցի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած բժիշկներին ընդունել էր նաև ՀՀ առողջապահության նախարարը և Շիրակի մարզպետը:

 

Արմենուհի Մխոյան