Հայաստանի և Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ինչպես նաև հայտնի դիվանագետներ, ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող միջազգային փորձագետներ և լրագրողներ, հանդես են եկել նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերից պահանջելով անհապաղ դադարեցնել փոխհրաձգությունը և հարձակումները Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում և շփման գծում:

 

Հայտարարության տակ ստորագրողների թվում են Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Ջոն Էվանսը և Մայքլ Լեմոնը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Վաշինգտոնում գործող Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ամերիկյան և եվրոպական մի շարք համալսարանների հետազոտողներ, Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

«Որպես բարի կամքի դրսևորում, պահանջում ենք, որպեսզի կողմերից որևէ մեկը միակողմանիորեն դադարեցնի կրակոցները և կոչ անի մյուս կողմին կատարել նույնը: «Ակն ընդ ականը» ի վերջո հանգեցնում է ողջ աշխարհի կուրացմանը, ասում էր Մահաթմա Գանդին: Լեռնային Ղարաբաղի շփման գծում դիպուկահարների անդադար գործողությունների և փոխադարձ հարձակումների հետևանքով ավելի ու ավելի շատ հայ ու ադրբեջանցի երիտասարդներ են զոհվում, վիրավորվում և հաշմանդամ դառնում:

 

Մի քանի մետր տարածքի կամ «ռազմավարական բարձրունքների» գրավումը ոչինչ չարժե, եթե այն խլում է երիտասարդ կյանքեր' նրանց ընտանիքներին անդառնալի կորուստներ պատճառելով», - ասված է հայտարարությունում, որը հրապարակված է «Հակամարտությունների փոխակերպման «Իմեջին» կենտրոնի» կողմից ստեղծված «Չեզոք գոտի» կայքում:

 

Ինչպես հայտնում է  «Azatutyun.am»  կայքը` հայտարարության հեղինակները արձանագրում են, որ վերջին օրերին զոհվել են երիտասարդներ, որոնցից շատերը ծնվել են զինադադարի կնքումից հետո:

 

«Կարծում ենք, որ միայն զինադադարի վերաբերյալ համաձայնագիրը բավարար չէ, իսկ «ստատուս քվո»-ն շարունակում է վնաս հասցնել հարյուր հազարավոր մարդկանց տարածաշրջանում։ Ուստի պահանջում ենք, որպեսզի հակամարտության կողմերը և միջնորդները գտնեն բանակցությունների իրավական և գործնական նոր շրջանակ, որը կկարողանա կանխել բռնությունները: 2008 թվականին Հելսինկիում Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտգործնախարարների համատեղ հայտարարությունում կոչ է արվում շփման գծից հեռացնել դիպուկահարներին:

 

Այս հայտարարությանն իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը 2010 թվականին: Ցավում ենք, որ առաջարկությունը, որը կարող էր տասնյակ կյանքեր փրկել, մնաց թղթի վրա», - ասում են հայտարարության հեղինակները, - «Եվ վերջապես, կոչ ենք անում քաղաքացիներին, քաղաքացիական հասարակության առաջնորդներին, պետական և անկախ լրատվամիջոցներին, հակամարտության ընթացքը քննարկելիս պահպանել պրոֆեսիոնալ էթիկայի նորմերը' զերծ մնալով բռնությունը փառաբանող և խրախուսող հռետորաբանությունից, ջանքերը կենտրոնացնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վրա' պահանջելով կառավարություններից դադարեցնել հակամարտության սրումը և սկսել խաղաղությանը միտված իրական բանակցություններ»: