Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում կազմակերպվեց խորովածի փառատոն, որը նվիրվեց գյուղի օրվան եւ հին հայկական հեթանոսական գլխավոր տոներից մեկին' Նավասարդին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծաղկունքի գյուղապետ Պետիկ Աղաջանյանը, փառատոնին նախորդեց գյուղի հյուսիսային բարձունքում վեր խոյացող Սուրբ Սարգիս եկեղեցում Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ մատուցված պատարագով: Փառատոնին մասնակցում էին ճակատագրի բերումով Հայաստանի այլ մարզերում, մայրաքաղաքում կամ արտերկրում ապրող նախկին ծաղկունքցիներ, հարեւան համայնքների ղեկավարներ եւ բնակիչներ, պետական պաշտոնյաներ: Բազմամարդ փառատոնի ընթացքում եկեղեցու տարածքում տեղադրված ութ թոնիրներում հրավիրված խոհարարները պատրաստում եւ հրամցնում էին գառան եւ խոզի խորոված, իսկ ներկաներին գեղագիտական հաճույք էին պատճառում մայրաքաղաքից հրավիրված երգի եւ պարի համույթները:

 

«Խորովածի փառառատոնը Ծաղկունքում առաջին անգամ նշվել է 2012 թվականի օգոստոսին: Այն արդեն դառնում է ավանդական եւ նշվում որպես Նավասարդի տոն ու Ծաղկունքի օր, որն իր շուրջ համախմբելու է բոլոր նախկին ու ներկա ծաղկունքցիներին»,-իր խոսքում նշեց համայնքի ղեկավար Պետիկ Աղաջանյանը: Փառատոնը կազմակերպել էր «Դար» հիմնադրամի ղեկավարությունը:

 

Խոսրով խլղաթյան