Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով իր պաշտոնին էր գտնվում արդեն 7 տարի, հրաժեշտի երեկո է կազմակերպել նախագահական Չանքայա պալատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հրաժեշտի միջոցառմանը ներկա են գտնվեÕ ¬ նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կինը' Էմինե Էրդողանը, տարբեր բարձրաստիճան անձինք, դվանագետներ, ընդդիմության ներկայացուցիչներ և այլն:
Իր ելույթի ժամանակ Գյուլը բազմիցս դիմել է Էրդողանին' անվանելով նրան «Հարգարժան ընտրված նախագահ» ձևով: Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանը շնորհավորանքներ ընդունելուց հետո լրագրողներ հետ զրույցում նշել է, որ օգոստոս 27-ին նշանակված «Արդարություն և զարգացում» կուսակցության արտակարգ համագումարի ժամանակ որևէ փոփոխություն կուսակցության ղեկավար կազմի մեջ չի լինելու: Նա հավաստել է, որ օրակարգային միակ հարցը լինելու է կուսակցության նախագահի ընտրությունը:
Խոսելով Գյուլի' կուսակցություն վերադառնալու մասին մասին' Էրդողանն ընդգծել է, որ դրանում որևէ խոչընդոտ չկա: Նա շեշտել է նաև, թե ճիշտ չի համարում, որ կուսակցության ղեկավարն ու նոր վարչապետը տարբեր մարդիկ լինեն:
Թուրքայի ներկա նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահական լիազորություններն ավարտվում են օգոստոսի 28-ին: Երկրի նոր նախագահի պաշտոնը կզբաղեցնի օգոստոսի 10-ի ընտրություններում հաղթանակած վարչապետ Էրդողանը: