Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը գնացել է Անկարայի հանրապետական դատախազություն' ցուցմունք տալու «Կորած տրիլիոնի» գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Ավելի վաղ Գյուլը չէ ր կարողացել վկայություն տալ և սպասել էր նախագահական ժամկետը լրանալուն: Հաղորդվում է, որ Թուրքիայի 11-րդ նախագահը ցուցմունք է տվել 45 րոպե:
«Կորած տրիլիոն»-ի դատական գործը հարուցվել էր դեռևս 1998 թվականին, երբ այն ժամանակվա «Բարօրություն» կուսակցությունը, որի անդամներն էին նաև Գյուլն ու Թուրքիայի ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեղադրվում էր պետական գանձարանին մեկ տրիլիոն թուրքական լիրա գումար չվերադարձնելու մեջ:
Կուսակցությունն այդ գումարները ծախսելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր է հրապարակել: Դատական գործի արդյունքում «Բարօրություն» կուսակցության նախագահ Նեջմեթին Էրբաքանը դատապարտվել էր 2 տարի և 4 ամիս ազատազրկման: